Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում մարզական խոշորագույն հանդեսում հավաքականի մակարդակով ևս պատշաճ մասնակցելու համար: Այդ նպատակով նրանք փորձում են վերականգնել մարզչական խորհրդի ինստիտուտը, որը պիտի ջանա հավաքականի ներկայիս գլխավորին օգնել հաջող նախապատրաստվելու հարցում: Խնդրում ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, մեր հայրենակից, լեգենդար մարզիկ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Անդրադառնալով գործընթացին, նա, ի մասնավորի, նշել է. «Ներկայումս գործում է տեխնիկական կոմիտեն, սակայն այն քննարկում է միայն պատանեկան ու երիտասարդական ընտրանիների խաղերը, իսկ ԽՍՀՄ ժամանակներում գործած մարզչական խորհուրդը նախ և առաջ վերլուծում էր առաջին հավաքականի հանդիպումները: Մարզչական խորհրդի գաղափարի վերածնունդը կարող է Ռուսաստանի հավաքականին օգնել 2018 թվի աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու գործում, սակայն պիտի հասկանալ, որ ժամանակներն են փոխվել»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ